National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.02.2016
Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Փետրվարի 4-ին Ազգային ժողովը շարունակել է աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը, քարտուղար՝ Թեւան Պողոսյանը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, իսկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Թեւան Պողոսյանն առաջարկել է մշակել վարկային ծրագրերի ներկայացման նոր մեթոդաբանություն: Պատգամավորը խոսել է նաեւ վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հանդեպ առկա անվստահությունից: Հրանտ Բագրատյանն անընդունելի է համարել վերանորոգման նպատակով վարկ վերցնելը: Ըստ նրա՝ այդ նպատակին պետք է ուղղել բյուջետային միջոցները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական պարտքի մեծացմանն ու տնտեսության վիճակին, վարկերի վերադարձման հարցին: Էդմոն Մարուքյանը խոսել է վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունից, անհրաժեշտ համարել վարկային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը: Նա նշել է, որ դեմ է քվեարկելու համաձայնագրին: Հայկ Բաբուխանյանը կարեւորել է հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինությունը՝ ծրագրի պատասխանատուներին առաջարկելով մեծացնել վարկային միջոցների օգտագործման նկատմամբ թափանցիկությունը եւ վերահսկողությունը: Հեղինե Բիշարյանի խոսքով՝ անհասկանալի է 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի հիմնական մասի օգտագործման նպատակը: Ըստ նրա՝ անհասկանալի է նաեւ, թե ինչ առաջնահերթությամբ են ընտրվել վերանորոգվելիք ճանապարհները: Միքայել Մելքումյանի խոսքով՝ անհրաժեշտ է խթանել տնտեսությունը, ինչի համար կարեւոր նշանակություն կարող է ունենալ ճանապարհաշինությունը: Նա կարեւորել է վարկերի օգտագործման հարցում հասարակության մեջ վստահության բարձրացումը: Զարուհի Փոստանջյանն անթույլատրելի է համարել վերանորոգման նպատակով վարկ վերցնելը, քանի որ, ըստ նրա, հայտնի չէ, թե սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակում պետությունն ինչպես է վերադարձնելու վարկը: Նա տեղեկացրել է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին: Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով գործընկերների մտահոգություններին, նկատել է, որ ՀՀ Վերահսկիչ պալատն ունի հնարավորություն՝ ուսումնասիրելու ծրագրերի ու վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը: Ըստ նրա, կասկած է հարուցում ծրագրի արդյունավետությունը, մտահոգում՝ վարկերի վերադարձի հարցը: Շիրակ Թորոսյանը հասկանալի է համարել համաձայնագրի առնչությամբ պատգամավորների մտահոգությունն ու բուռն քննարկումը, սակայն նշել, որ կան մի շարք վերահսկողական մեխանիզմներ: Նա նշել է, որ մարզերում եւս, ըստ առաջնահերթության, իրականացվում են ծրագրեր, որոնց նպատակը տարածքների համաչափ զարգացումն է: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, խոսել պետության արտաքին պարտքի վերաբերյալ՝ նշելով, որ վարկերի ստացման նպատակը տնտեսության, հետեւաբար՝ երկրի զարգացումն է: Պարոն Հակոբյանի գնահատմամբ՝ պետք չէ վախենալ վարկ վերցնելուց, պետք է պայքարել այն արդյունավետ օգտագործելու համար: Գագիկ Մելիքյանը խոսել է վարկերի արդյունավետ եւ նպատակային օգտագործման անհրաժեշտությունից՝ համոզմունք հայտնելով, որ ցանկացած վարկային ծրագիր արդյունավետ ծախսման միտում ունի, նպաստում է տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: Վահրամ Մկրտչյանն անդրադարձել է ծրագրի շրջանակում հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների հատկացումներին՝ նշելով, որ վարկային ծրագրերի հանդեպ հանրության վստահության պակասը ոչ պատշաճ իրազեկվածության հետեւանք է: Նա նշել է, որ կողմ է վարկային ծրագրին: Մհեր Շահգելդյանը նշել է, որ վերջին ժամանակաշրջանում երկրի արտաքին պարտքը կտրուկ մեծացել է, պարտքերի կուտակման նման տեմպերը հակադրվում են երկրի զարգացման տեմպերին. մուտքերը պակասում են, պարտքերը՝ ավելանում: Նա կարեւորել է ներդրումների ավելացման անհրաժեշտությունը: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է ոլորտի հիմնախնդիրներին, վարկերի վերադարձելիության ապահովմանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարկային համաձայնագրին անդրադարձել է երկրի զարգացման ծրագրի համատեքստում եւ ներկայացրել իր նկատառումները: Նա դեմ է վարկային համաձայնագրին՝ նշելով, որ կառավարությունը ստանում է գումար, որի ծախսման համար չկա աշխատանքային կոնկրետ ծրագիր:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ որեւէ մեկը դեմ չէ լավ ճանապարհներ եւ ոռոգման համակարգեր ունենալուն. խնդիրը վստահության պակասն ու ծախսման անարդյունավետությունն է: «Չենք տեսնում պատասխանատվություն նախորդ վարկերի անարդյունավետ ծախսման հետ կապված»,- ասել է տիկին Զոհրաբյանը: Նրա համոզմամբ՝ այս հարցում անելիք ունեն թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանականները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է հանրության վստահության եւ վերահսկողության խնդրին՝ նշելով, որ իշխանությունը եւս կարեւորում է վերահսկողությունը վարկերի արդյունավետ օգտագործման հարցում: Նա վստահեցրել է, որ վարկային միջոցները տրամադրվելու են ոչ թե ճանապարհների կոսմետիկ վերանորոգման, այլ՝ հիմնանորոգման համար: Պարոն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն ողջունում է նման ծրագրերը եւ կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին եւ եւս մեկ անգամ հիմնավորել վարկային համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am